q

ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻ ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆ

ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻ ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆԸ

Հեղինակի Կողմից

Հեղինակի Կողմից

Ազատամարտիկի Հիշատակարանի մեջ զետեղված են մի քանի պատմություններ, դրանք իրական դրվագներ են Հայ ժողովրդի վերջին տասնամյակների հերոսական պատմություններից: ԱՀ -ը պատմում է 1989-1994 թթ Ղարաբաղյան պատերազմի ողբերգական փաստերի և իրադարձությունների մասին, այդ թվում ներկայացնելով Հայ ժողովրդի գիտակցական մտքի, Ազգային Գաղափարախոսության, պայքարի և ցասումի մասին: Այստեղ ներկայացված պատմությունները պատկերված են առանց երանգավորման: Իրական պատմությունների հերոսների սխրանքների և հայրենիքի նվիրվածության մասին պատմությունների բացահայտումով կարելի է գտնել շատ գաղտնիքների պատասխանները, որոնք այդպես էլ մնացին մեր աղավաղված պատմության ստվերներում: Բարձրաձայնելով և դժգոհելով ադրբեջանցի պատմաբաններ` Զիա Բունիաթովի, Ֆարիդա Մամեդովաի, Ախունդովի, պատմության իրական էջերը աղավաղելու մեջ, չգիտես ինչու աչք ենք փակում մեր երկիր և ժողովրդի գլխին պատուհաս դարձած դավաճան իշխանություններին մասին, որոնք շարունակելով նրանց գործը` կեղծումը և աղավաղումը պատմական փաստերը: Նրանք կեղծելով հայ ժողովրդի գոյապայքարի հերոսական էջերը ժողովրդին կարողացան տանել խավարի և տառապանքի արահետներով, մինչդեռ Ազգային Գաղափարախոսության դրոշակակիրները, որոնք երազում էին Անկախ և Ազատ Հայաստանի լուսավոր ապագայի մասին խոշտանգվեցին և ոչնչացվեցին դավադրաբար իրենց իսկ երկրի դավաճան իշխանավորների կողմից: ԱՀ զետեղված մտքերի և հոդվածների շարքը ներկայացնում են այդ մութ և գաղտնի էջերի մասին, իրական հերոսները տասնամյակներ լռել են և լռում են, սակայն այս ժողովածուի նպատակն է հասարակությանը ներկայացնել այդ ամենը, որի մասին լռել և լռում են նրանք` իսկական հերոսները իսկ փոխարենը խոսում են մարդիկ, որոնք երբեք էլ կապ չեն ունեցել այդ Ղարաբաղյան հերոսապատման հետ: Ահաբեկված և խոշտանգված Ազատամարտիկները սպասում են որ երբևէ կգա մի օր որ իրական ձևով կգնահատվեն մոռացված հերոսները:

ՎՀ 10/03/2005 թվական Իսպանիա

Շահումյան

http://azatamartiki-hishatakaran.jimdo.com/

http://azatamartiki-hishatakaran.jimdo.com

azatamartiki hishatakaran

azatamartiki hishatakaran

http://azatamartiki-hishatakaran.jimdo.com

Հարգելի Հայրենակիցներ, այստեղ` « Ազատամարտիկ Հիշատակարանում » կարող եք գտնել, հետաքրքիր պատմություններ, և դրվագներ Արցախյան Գոյամարտի և քաջարի Ազատամարտիկների կյանքից: Այստեղ նաև կարող եք գտնել Հյուսիսային Արցախի` Շահումյանի ամենաճակատագրական օրերի` 1992 թվականի հունիս ամսվա մարտական գործողությունների մասին, որի ընթացքում կորցրեցինք Շահումյանի և Մարտակերտի շրջանները: Այստեղ նաև կարող եք գտնել Ազատամարտիկների խորհերը, հարցազրույցները և լուսաբանումները: Իսկ Ձեր խորհուրդները կարծիքները կարող եք գրել ետադարձ կապ `էջում:

Շնորհակալություն. Խորհին Հարգանքներով

Վարդան Հովհաննիսյան

ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻ  ՆՈԹԱՏԵՏՐ

ԿՐԱԿՈՑ`  ԹԻԿՈՒՆՔԻՑ…
Սվետլանա  Մարգարյան
 
Ես Սամվել Մարգարյանի քույրն եմ՝ Սվետլանա Մարգարյանը: Այն Սամվելի, որի մասին Հանրապետությունում, 1990թ.-ի սկզբներին հերոսական լեգենդներ էին պատմվում, իսկ հետո, կարճ ժամանակ անց, ամենասարսափազդու պատմություններն էին շրջում: Ինչպե՞ս կարող էր այդքան արագ ետ պտտվել ճակատագրի անիվը, կամ ինչու՞ ետ պտտվեց ու ազգային հերոսի անուն հանած մարդն ու իր ջոկատի մարտիկները հանկարծ դարձան ամենասարսափազդու կերպարներ, որոնց մասին ամենուր շրջում էին զանազան պատմություններ, որոնց անունները կապվում էին մի շարք հանցագործությունների հետ: Ի՞նչ էր կատարվել իրականում, ովքե՞ր էին կանգնած կազմակերպված այդ արյունոտ դեպքերը իրականացնողների ետևում և ու՞մ շահերի համար էին արվում այդ ամենը…
Ահա այս ամենի մասին է, որ այսօր, 20 տարի անց ցանկանում եմ պատմել: Պետք է ասեմ, որ նպատակս երբեք գրական գործ, գրական մնայուն արժեք ստեղծելը չէ, ոչ էլ փառքի մոլուցքն է, որ ստիպել է ինձ գրիչ վերցնել ու շարադրել մեր ապրած ողբերգությունը, ա´յն ազգային հերթական ողբերգությունը, որի զոհերը եղանք մենք:
Ես պարզապես նպատակ ունեմ գրելու, ո´չ, ուղղակի ՓՐԿԵԼՈՒ կատարված դաժան իրականության պատմություններն այն տարիների, որոնք կարող են ոչ միայն լույս սփռել շատերի համառ ջանքերով խեղաթյուրված ու ծուռ հայելու մեջ ներկայացված իրականության վրա, այլև կարող են ուսանելի դաս լինել սերունդների համար: Այժմ, երկար ու ձիգ տարիների այս հեռվից, երբ ետ եմ նայում անցյալին, կարծես ավելի պարզ եմ տեսնում անցած իրականությունը, տեսնում եմ կատարված բազմաթիվ դեպքերի տրամաբանական կապը, ամբողջանում են կերպարներն ու դառնում ավելի հասկանալի ու նույնքան ողբերգական ու ահավոր:
Եվ ներքին մի ձայն ինձ անվերջ հանգիստ չի տալիս, ստիպում է գրիչ վերցնել ու շարադրել, թղթին հանձնել ազգային ողբերգության իմ բաժինը, իմ ապրածն ու տեսածը: Որքան էլ ողբերգական լինի այս իրական պատմությունը, այն մի յուրօրինակ հուշարձան կլինի այն բոլոր մարտիկների համար, որոնք իմ ընկերներն էին, ովքեր առաջիններից էին, որ կամովին դուրս էին եկել մատաղվելու ազգային ազատության զոհասեղանին, բայց մեր օրերի «հերոսներ» հորջորջված հանցագործների անմիջական ջանքերով դարձան զոհերն ազգային ՏԱԿԱՆՔՆԵՐԻ:
Ո՞վ կարող է ի վերջո ավելի ճշմարտացի ներկայացնել իրական պատկերն այն ամբողջ կատարված ողբերգության՝ եթե ոչ ես, որ ականատեսն ու մասնակիցն եմ եղել այդ ամբողջի: Որքան էլ ցավալի լինի վերապրել անցածը, ավելի ցավալի կլինի լռելը հավիտյան: Լռել՝ նշանակում է ապահովվել ստի, խաբեության վերջնական հաղթանակը, նշանակում է ոչ միայն մոռացության քարե պատնեշով ծածկել իրականությունը, այլ որ ամենաահավորն է՝ ատելության, փնովանքի ծանր պատանքով փթաթված թողնել անիրավության զոհ դարձած այն հայրենասեր հայորդիներին, ովքեր դարձան ժամանակի քավության նոխազներ:
Նպատակս չէ արդարացնել մի խումբ մարդկանց և անարգանքի սյունին գամել մյուսներին: Նպատակս է մատուցել իրականությունն այնպես, ինչպես այն եղել է, նպատակս է սերունդների առաջ բացահայտել կերպարներ՝ մոռացության մատնված, հանիրավվի վարքաբեկված կերպարներ, որոնց անձնազոհ պայքարով նաև´ մենք ունեցանք հաղթանակ, ունեցանք ազգային նորագույն պատմություն՝ Հաղթանակած ազգի´ պատմություն, նաև նորօրյա հայդուկների պանծալի կերպարներ:
Գիտեմ, որ հուշերս հանձնելով թղթին, ակամայից կբացահայտվեն այնպիսի´ կերպարներ, որոնք արդեն քսան երկար ու ձիգ տարիներ ներկայացվում են հերոսների ու սրբերի լուսեպսակով, պղծելով իրական հերոսների հիշատակը, որոնցից շատերը դարձան հենց այդ սուտ ու հորինովի « հերոսների » զոհերը: Այս մասին դեռ կգրվեն շատ պատմություններ, ( իսկ գուցէ արդե՞ն գրվել են ), շատ ականատեսներ կպատմեն իրական դեպքեր և երբ մի օր կհալվի սառույցը, դրանք կդառնան լայն հասարակության սեփականությունը:
Եվ կփլվի փառքի տաճարը սուտ կուռքերի, հօդս կցնդի պատրանքը և «Սրբերի» դիմակի տակից դուրս կգան հրեշավոր այն կերպարները, ովքեր իրենց «հերոսական» ձեռքով տեռորի ենթարկեցին մի ողջ ժողովրդի՝ իրենց ծնած ու սնած ժողովրդին ու նրա լավագույն զավակներին…
Ստով ու կեղծիքով ստեղծված փառքի ու նաև բարձրացված գրանիտե պատվանդաններից ցած կգահավիժեն նրանք և այդ անկումը կլինի ավելի ահավոր, քան թե նրանց ապրած կյանքն էր ու կատարած սև գործերը…
Եվ սերունդները անեծքով կհիշեն նրանց, նաև ա´յն սերունդը, որին արդեն 20 տարի մատուցում են հորինովի պատմություններ, ապակողմնորոշելով ու ստիպելով պաշտամունք դարձնել ազգակործան այնպիսի մարդկանց, ովքեր ճանապարհից հեռացրեցին ազգի փառապանծ զավակներին, որդեգրելով նրանց կատարած հերոսական գործերը, այնպիսի մարդկանց, ովքեր ժամանակին Երկիրն հասցրեցին անդունդի եզրին, ովքեր կտրեցին Ազգի արյունատար անոթն ու թողեցին նրան արնաքամվելու մինչև վերջ…
Ապավինենք ժամանակին, քանզի ժամանակն ամենամեծ դատավորն է…
ԿՐԱԿՈՑ ԹԻԿՈՒՆՔԻՑ (Մաս 2-րդ)


Որպեսզի ավելի ամբողջական լինի Արտաշատի « Անկախության Բանակ »-ի հրամանատար Սամվել Մարգարյանի կերպարն ու հասկանալի լինի նաև, թե ինչպե՞ս և ինչու՞ էինք մեկ ընտանիքից 4 հոգի հայտնվել Ազգային Ազատագրական պայքարի բովում, պետք է սկսեմ՝ արմատներից:
Հորական պապս ու տատս Վանեցիներ էին: Մորական կողմս՝ բնիկ Արտաշատցիներ: Մենք ծնվել ու մեծացել էինք իրենց արդար քրտինքով, աշխատանքից բացի ուրիշ ոչ մի կողմնակի եկամուտ չունեցող, միջին ապրող մի ընտանիքում, որի մեծերն էին ավանդապաշտ, հայ-քրիստոնյա վանեցի պապս ու տատս:
Պապս բավականին գրագետ մարդ էր,նա ավարտել էր Վանի Վարագա վանքի ճեմարանն ու ուներ սարկավագի կարգ:Խոսում էր Հայերեն, Ռուսերեն, Անգլերեն, Թուրքերեն, Քրդերեն և Արաբերեն լեզուներով և ուներ հրաշալի ձայն:Նրա հայրը՝ Խաչատուր Մարգարյանը,Դաշնակցական էր եղել և մասնակցել Բանկ Օտոմանի գրավմանը:
Սերված լինելով Դաշնակցական հորից, պապս ու իր եղբայրը դաստիարակվել էին հայրենասիրական ոգով և զենքը ձեռքներին մասնակցել Վանի ինքնապաշտպանական մարտերին: Պապս՝ Հակոբ Մարգարյանը, կռվել էր Լևոն Շղոյանի խմբում, հետո 1918թ.-ին,երբ սկսվել էր Վասպուրականի ժողովրդի գաղթը, այդ խմբի հետ միասին շրջապատած գաղթականներին, կռիվ տալով թուրք ու քուրդ հրոսակների դեմ, ուղեկցել էին Վասպուրականի հայությանը դեպի ներկայիս Հայաստանի տարածք: Գաղթից առաջ պապս չէր մոռացել մտնել իրենց գյուղի՝Մխկների Ս.Հարություն եկեղեցին…Այնտեղից հավաքել էր ամբողջ գրքերը,արծաթե խաչերն ու բուրվառները, լցրել մի պարկի մեջ և մի ձեռքին զենք, մյուսին՝ այդ պարկը,անցել էր ամբողջ գաղթի դժվարին ճամփաներով , բերել ու հասցրել էր մինչև Հայաստան ու նվիրել Էջմիածնի եկեղեցուն, որի համար Վազգեն Առաջին կաթողիկոսից ստացել էր պարգևատրում:
Իսկ այդ գաղթի ճամփան ահավոր ծանր էր ու երկար…Կամավորներով շրջապատված Վասպուրականի գաղթականությունը եկել ու հասել էր մինչև Բանդի-Մահու գետը, Բերկրի, ներկայիս՝ Մուրադիյե: Թուրք ու քուրդ հրոսակներն արդեն փակած էին եղել գետի կամուրջը, որտեղից այլևս անհնար էր եղել շարունակել ճամփան: Այդտեղ տեղի էր ունեցել կատաղի ճակատամարտ: Բազմաթիվ կամավորներ, որոնց թվում նաև պապիս Սահակ եղբայրը, բազմահազար գաղթականներից բավականին մարդիկ, երեխաներ, կանայք՝ զոհ էին գնացել, շատերն իրենց գցել էին վարարած Բանդի-Մահու գետը՝ փրկության հույսով, մայրերը որպես ավելորդ բեռ նետել էին իրենց գրկի բարուրները…
Բերկրիում հայերի կոտորածը եղել էր սարսափելի: Կամավորները տեսնելով որ չեն կարողանում անցնել կամուրջը, հրաման էին տվել գաղթականներին հետևել իրենց ու թեքվել դեպի Պարսկաստանի սահման: Կռվելով ու զարկվելով, գաղթականներին անց էին կացրել Պարսկաստան, այնտեղից էլ Իրաք, հասել էին մինչև Բաղդադ և վերջապես Բաղդադում Անգլիացիները նրանց տվել էին վրաններ և ուտելիք ու տեղավորել:
Մնացել էին մինչև 1921թ.-ը և վերջապես 21թ.-ին գաղթել էին Հայաստան…ԵՎ այս երկար ու դժվարին ճամփին, երբ մայրերն անգամ նետում էին իրենց մանուկներին, պապս իր զենքի հետ շալակած բերել ու Հայաստան էր հասցրել նաև իր «Էրգրի» սրբազան իրերով լեցուն պարկը ու որքան էլ զարմանալի թվա՝ քարի տակ ու թփերի մեջ նետված երկու բարուրված հայ մանուկներ և մեկ մանկահասակ հայ երեխա…
Ահա այս պատմություններով, կորած «Էրգրի» կարոտով ու արդեն Սովետական շրջանում արգելված Դաշնակցական երգերով էր մեզ՝ իր թոռներին հոգևոր սնունդ տալիս պապս…
Վանից իր հետ բերած հուշամատյաններից, որոնք նա պահում էր խիստ գաղտնի և ցույց տալիս միայն մեզ ու իր վանեցի ընկերներին, մենք արդեն մանկությունից գիտեյինք թե ովքեր են Նժդեհը, Դրոն, Սեպուհը, Անդրանիկն ու Համազասպը… Նա մահացավ 1972թ.-ին, 90 տարեկան հասակում, հանկարծամահ եղավ: Մինչև կյանքի վերջին օրը առույգ էր, աշխատում էր, կարդում առանց ակնոցների, երգում…
Մինչև կյանքի վերջ պահպանեց իր հրաշալի, բաձր ու զնգուն ձայնը, ու թեև այլևս եկեղեցիական կարգի մեջ չէր, բայց տոներին նրան հատուկ հրավիրում էին Արտաշատի Մրգավան գյուղի եկեղեցի, անցկացնելու եկեղեցիական արարողակարգը: Մարդիկ այն ժամանակ ասում էին, որ եկեղեցի են գնում հատկապես Հակոբին լսելու համար…
Պապիս կորցրած «էրգրի» կարոտն ու կիստ թողած վրեժը ծլարձակել ու մի ահռելի արմատակալած կաղնի էր դառել մեր սրտերում: Եվ երբ այլևս գիտակից պատանեկության շրջանում էինք, պապիս ցանած հայրենասիրության սերմերը ջրվեցին ԱՄԿ-ի անդամ հանդիսացող, Սովետական շրջանի քաղբանտարկյալ Հակոբջան Թադևոսյանի նոր գաղափարներով: Հայրս իր ընկերոջ միջոցով ծանոթացել էր Հակոբջան Թադևոսյանի հետ և մենք, պատանեկությունից սկսած, երբեմն ներկա էինք լինում այդ զարմանալի մարդ-քաղաքական գործչի չափազանց հետաքրքիր զրույցներին, որոնք բոլորը բնականաբար հայրենասիրության , Հայաստանի անկախացման թեմաներով էին ու Հայտնի հայդուկների մասին պատմություններով: Հակոբջան Թադևոսյանն ակամայից դարձավ մեր հոգևոր ուսուցիչը սովետական շրջանում և մենք, պապիս մահից հետո, 70-ական թթ.-ի վերջից արդեն սկսեցինք սովետական գրաքննություն անցած դպրոցական գրքերից բացի կարդալ ուրիշ գրքեր նաև, լսել ուրիշ պատմություններ և ուրիշ մեկնաբանություններ մեր ազգային պատմության մասին:
Ահա թե ի՞նչն էր, որ մեզ՝ հորս,ինձ,Սամվել ու Վարդան եղբայրներիս հենց առաջին իսկ օրից, մի անգամից,առանց վարանելու ոտքի հանեց ու մղեց դեպի Ղարաբաղյան շարժման կիզակետ:


Комментариев нет:

Отправить комментарий